Ապրիլի երեքին տեղի է ունեցելԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի շնորհանդեսը, որը միտված է նվազեցնելու Հայաստանում աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքներն ընտանիքների և համայնքների վրա:
Եռամյա ծրագիրն իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Տարածքային կառավարման նախարարությունների հետ միասին:
Ծրագրի մեկնարկին հրավիրված հյուրերի թվում էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիստեան: Նա ընդգծել է, որ միգրացիան ամենալուրջ խնդիրներից է, որ Հայաստանի առջև ծառացել է անկախանալկուց ի վեր. «Եվրոպական Միությունը մեծ ուշադրություն է դարձնում երկրի միգրացիոն համակարգի կառավարումը բարելավելուն և կարող է ընդգրկուն օժանդակություն ցուցաբերել` ուժեղացնելու ինստիտուցիոնալ կարողությունները, որպեսզի կանխվի անօրինական միգրացիան, ապահովվի շրջանակաձև միգրացիա և հզորացվի Հայաստանում ներգաղթյալների վերաինտեգրման գործընթացը»:
Հրիստեան ավելացրել է, որ ծրագրի նպատակն է նվազեցնել աշխատանքային միգրացիայի սոցիալական խոցելիությունը 4 թիրախային մարզերում` Լոռի, Տավուշ, Գեղարքունիկ և Շիրակ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով կստեղծվեն համայնքահեն սոցիալական ծրագրեր: Դրանք կարձագանքեն միգրանտ ընտանիքների կարիքներին, կնպաստեն հմտությունների բարելավմանը և տարբեր սոցիալական ծրագրերի շրջանակում համագործակցությանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Քիրսի Մադին միջոցառմանը մասնակցելու նպատակով առաջին անգամ ժամանել էր Հայաստան:
«Այս ծրագրի իրականացումը ոչ միայն կնպաստի աշխատանքային միջրացիայից տուժած ընտանիքների սոցիալական պայմանների բարելավմանը, այլև կօգնի համայնքներին, քանի որ Հայաստանից դուրս Միգրանտների ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները կկիրառվեն արդեն այստեղ»:
Տարիներ շարունակ աշխատանքային միգրացիան դիտվել է որպես Հայաստանում ընտանիքների և համայնքների աղքատության, ինչպես նաև գործազրկության հետևանքով առաջացած այլ խնդիրների հաղթահարման միջոց:
Աշխատանքային միգրացիայի բացասական հետևանքներն ընտանիքների, մասնավորապես երեխաների և կանանց վրա նկատելի են եղել`ներկայացնելով այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են` հոգեսոցիալական խնդիրները, սեռավարակները, պատշաճ խնամքի, առողջապահական և փրկարարական ծառայությունների մատչելիության պակասը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն մեկ միլիոն եվրո է կազմում