2011 թ. դեկտեմբերի 20-ին ամփոփվել են միգրացիոն հարցերի լուսաբանմանը նվիրված «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթի արդյունքները: Այն անցկացվում է ԵՄ աջակցությամբ` «People in need» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում:
Մրցույթի գլխավոր նպատակներից մեկն է պատրաստել լրագրողական այնպիսի թիմ, որը կարողանա հանրությանը ներկայացնել ճշգրիտ տեղեկատվություն և պրոֆեսիոնալ լուսաբանում միգրացիայի և դրան հետևող խնդիրների մասին: Թեև միգրացիան բնական երևույթ է, այսօր, սակայն, անկանոն միգրացիան կանխելու և կառավարելու խնդիր կա:
«Եվրոպական Միությունը միգրանտներին դիտարկում է որպես շարժունակության և մշակութային հարստության աղբյուր», – իր խոսքում ասել է ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավար Ժան-Քրիստոֆ Գայրանը: Նշելով ԵՄ-ի առանձնակի ուշադրությունը միգրացիոն ոլորտին, նա նաև հիշատակել է Եվրոպական Միության և Հայաստանի միջև Շարժունակության գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ միգրացիոն ոլորտում երկխոսությունն ու համագործակցությունն ուժեղացնելու նպատակով:
Այս տարի մամուլի, ռադիո և հեռուստահաղորդումների տարբեր անվանակարգերում դիմորդները 46-ն էին, իսկ ներկայացված նյութերի թիվը` 65-ը, ինչն, անցած տարիների համեմատությամբ, բավական մեծ առաջընթաց է: Մրցանակաբաշխության մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ, իսկ առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված լրագրողներին տրվեցին դրամական պարգևներ համապատասխանաբար՝ 180 000, 90 000 և 45 000 դրամ:
Հայաստանում ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է միգրացիոն հոսքերի կառավարման և անկանոն միգրացիան կանխելու գործում: «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» եռամյա ծրագիրն անմիջականորեն ծառայում է այդ նպատակին` ձեռնարկելով մի շարք միջոցառումներ, որոնք կբարելավեն վերադարձողների նկատմամբ օրենսդրության բացերը, կմեծացնեն միգրացիայի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը, ինչպես նաև կփոխանցեն միջազգային լավագույն փորձը