Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Եվրոպայի նոր տրանսպորտային նախագիծ, որը ենթադրում է ստեղծել միասնական եվրոպական տրանսպորտային գոտի` փոխկապակցելով Եվրոպայի ավտոճանապարհային, երկաթգծի, ջրային և օդային տրանսպորտի համակարգերը:
Նախագիծը, որը ենթադրվում է իրականացնել մինչև 2050 թվականը, ուղղված է միջքաղաքային, ներքաղաքային, ինչպես նաև երկարատև ուղևորությունները դյուրին դարձնելուն: Նախագիծը կոչ է անում
- քաղաքներում հրաժարվել բենզինով աշխատող մեքենաներից,
- ավելի քան 300 կմ տարածություն միջքաղաքային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների առնվազն 50 տոկոսը կատարել երկաթգծի կամ ջրային տրանսպորտի միջոցով,
- մինչև 40% ավելացնել կայուն ածխածնային վառելիքի կիրառումը ավիաընկերություններում,
- կրճատել առևտրային նավերից ածխաթթու գազի արտանետումը:
Նախագծի իրագործումը կնպաստի, որպեսզի ԵՄ-ն մինչև 2050 թ. կրճատի տրանսպորտային միջոցների արտանետած ածխաթթու գազի 60%-ը և նվազեցնի տարածաշրջանի կախվածությունը ներկրվող նավթի ծավալներից:
Ծրագրի տրանսպորտային ենթակառուցվածքները ֆինանասավորելու համար ԵՄ-ն կմշակի «վճարում է օգտագործողը» և «վճարում է աղտոտողը» սկզբունքները և կհամակարգի դրանք:
Փոխկապակցված Եվրոպայի այս տեսլականը նաև նպատակ ունի`
- խրախուսելու նոր տեխնոլոգիաների, վառելիքի ու տրանսպորտի կառավարման համակարգերի զարգացումը
- համակարգելու ազգային ավիափոխադրումների վերահսկումը «ԵՄ-ի միացյալ եվրոպական օդային տարածք» ծրագրի միջոցով և մինչև 2020 թվականը տարածելու այն Եվրոպայի միասնական ավիացիոն գոտու մեջ մտնող 58 երկրներում:
- տեղակայելու տրանսպորտային միջոցների կառավարման արդյունավետ համակարգեր,
- 50%-ով կրճատելու ավտոճանապարհային պատահարների թիվը մինչև 2020 թ. և մինչև 2050 թ. 0-ի հասցնելու զոհերի թիվը: