All posts by admin

Նոյեմբերի 30-ին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի փակման արարողությանը, որն իրականացնում էր «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը՝ համագործակցելով Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների հետ:

Դեսպանը ընդգծեց Հայաստանում իրականացվող էներգաարդյունավետության գործողությունների կարևորությունը. «Սա կարևոր միջոցառում է: Մարտին ԵՄ-ն նախաձեռնել էր էներգարդյունավետության բարձր մակարդակի նախաձեռնություն բարեփոխումներ իրականացնելու և էներգաարդյունավետության կարողությունները բարձրացնելու նպատակով: Ամենաբարձր մակարդակով քաղաքական ներգրավվածությունն անհրաժեշտ է հաջողության հասնելու, էներգիայի սպառումը նվազեցնելու, քաղաքացիների առողջության և կենսամակարդակի բարելավման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար: Առաջնային է, որ որոշում կայացողները բարձրացնեն էներգաարդյունավետության առավելությունների մասին տեղեկացվածությունը: Բոլորս հասկանում ենք, որ ժամանակն է աշխատել այս ուղղությամբ: Հայաստանն առաջ է շարժվում կայուն էներգիայի ճանապարհով ԵՄ-ի ուժեղ աջակցությամբ. մենք ակտիվորեն համագործակցում ենք կառավարության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ»:

2014-ից ի վեր «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն էր աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով: Ծրագրի շրջանակում իրականացվել է մանրամասն էներգետիկ աուդիտ 16 բազմաբնակարան շենքում և Վայքի մշակույթի տանը, 45 բազմաբնակարան շենքերում իրականացվել է ուսումնասիրություն շենքերի պահպանման ծառայությունների, էներգախնայողության մասին իրազեկվածության, ծրագրին մասնակցելու բնակիչների պատրաստակամության վերաբերյալ, իրականացվել է 57 բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննում և գնահատում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վայք և Սպիտակ քաղաքների բազմաբնակարան և հանրային շենքերը չեն համապատասխանում էներգաարդյունավետության ներկայիս ստանդարտներին: Ընդհանուր առմամբ էներգաարդյունավետության բարելավման աշխատանքներ են իրականացվել 45 բազմաբնակարան շենքերում՝ 12-ը Վայքում, 33-ը՝ Սպիտակում, 2 հանրային շենքում՝ Վայքի մշակույթի տանը և Սպիտակի թիվ 2 մանկապարտեզում: Ծրագրի ամբողջ բյուջեն 1,687,539 եվրո էր, որից ԵՄ ներդրումը կազմում էր 1,350,000 եվրո:

Նոյեմբերի 26-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս` ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման 2-ամյակի կապակցությամբ: Մամուլի ասուլիսին մասնակցում էին Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, ովքեր Հայաստանում էին աշխատանքային այցով և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: ԵՄ ներկայացուցիչները ողջունեցին բարեփոխումների և ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը:

Լյուկ Դևինը ոգևորված էր նշելու ԵՄ-Հայաստան համաձայնագրի 2-ամյակը. «Մենք ողջունում ենք բարեփոխումների և ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը, որը մենք ստորագրեցինք 2 տարի առաջ: Մենք տպավորված ենք, քանի որ Հայաստանի իշխանությունները  շատ պրոֆեսիոնալ և լուրջ մոտեցում են ցուցաբերում այս համաձայնագրին: Ոգևորիչ է տեսնել, որ այն, ինչ անում ենք, օգուտ է բերելու Հայաստանի և ԵՄ անդամ երկրների բնակիչներին: ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ներկայացնում է արդիական բարեփոխումներ և ԵՄ չափանիշները բոլոր առանցքային ոլորտներում: Մենք ուրախ ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ակտիվորեն հետևում և աջակցում է համաձայնագրի իրականացմանը: Անհամբերությամբ սպասում ենք դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև գործընկերության կոմիտեի հերթական նիստին, որտեղ կքննարկվի Հայաստանի կառավարության կողմից մշակված համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը: Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին և Հայաստանի կառավարության բարեփոխումներին»:

«Ես կցանկանայի առանձնացնել երեք hարց: Նախ՝ ինչպե՞ս է Հայաստանը օգուտ քաղում ԵՄ-Հայաստան համաձայնագրից: Մենք հավատում ենք, որ համաձայնագիրը մարդկանց համար կստեղծի նոր հնարավորություններ, նոր աշխատատեղեր և կօգնի ձևավորել տնտեսություն, որը կգործի բոլորի համար: Երկրորդ՝ ԵՄ-ն էական ներդրումներ է կատարում աջակցելու բարեփոխումներին, որպեսզի Հայաստանը պատրաստ լինի օգտվել այս պայմանագրի ներուժից: ՀԸԳՀ բարեփոխումների մեխանիզմը կաջակցի կառավարությանը ԵՄ բարձր մակարդակի խորհրդատուների և մի շարք Թվինինգ ծրագրերի միջոցով, ռազմավարական բարեփոխումների վերաբերյալ խորհուրդներով: Բացի այդ, համաձայնագրի բանկային գործիքի միջոցով աջակցություն կտրամադրվի մասնավոր հատվածին՝ համապատասխանելու համաձայնագրի պահանջներին: Երրորդ՝ ինչու՞ ներդրումներ կատարել Հայաստանում: Մենք տեսնում ենք բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի հավակնոտ տեսլականը: Հայաստանը երկիր է, որը հայտնի է նորարարություններով, մենք ներդրումներ ենք կատարում հանուն երիտասարդների, քանի որ Հայաստանի ապագան նրանց պայծառ, հյուրընկալ ձեռքերում է», – նշել է Լոուրենս Մերեդիթը իր ելույթում:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը իր ելույթում ներկայացրեց ՀԸԳՀ-ի կարևորությունը, դրա վավերացման և ամբողջական կիրարկմանն ուղղված ընթացիկ գործընթացները։ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ կատարեց նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությանը, ինչպես նաև՝ Արևելյան գործընկերության ապագայի շուրջ ՀՀ տեսլականին։ Մամուլի ասուլիսին հաջորդեց «Ուժեղ ենք միասին» խորագրով նորաձևության ներառական ցուցադրությունը, որին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող մարդիկ:

Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեցին #Գործիրհիմա իդեաթոն-մրցույթի մեկնարկին, որը կազմակերպվել էր Եվրոպական միության աջակցությամբ: Միջոցառման նպատակն էր բարձրացնել մարզերում իրազեկվածությունը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման գործում ներգրավելով երեխաներին: Միջոցառումը հարթակ ծառայեց Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից 13-17 տարեկան 150 երեխաների համար իմանալու ավելին իրենց իրավունքների ու պատասխանատվությունների մասին, ինչպես նաև գաղափարներ առաջարկելու՝ ուղղված իրենց համայնքներում ավելի բարեկեցիկ կյանքի ապահովմանը: Երեխաները մշակեցին երեսուն նախագիծ. հաղթող ճանաչվեցին երեքը՝ յուրաքանչյուր մարզից մեկը:

ԵՄ դեսպանը ողջունեց բոլոր մասնակիցներին. «ԵՄ-ն շատ է կարևորում մարդու իրավունքների պաշտպանությունը: Լինելով առաջին մասնագիտությամբ ուսուցիչ՝ ցանկանում եմ ընդգծել, որ ուսուցչի համար կարևոր է անընդհատ շարունակել սովորել և դրական ընդունել քննդադատությունը: Աշակերտներն էլ ունեն ձայնի իրավունք: Եվ այսօրվա միջոցառման նպատակն է սովորեցնել, թե ինչպես ներկայացնել գաղափարն ու դարձնել այն հասանելի»:

Հաղթող նախագծերը կյանքի կկոչվեն Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և կնպաստեն համայնքային ներգրավվածության միջոցով մարզերում հավասար իրավունքների խթանմանը: Նախագծերի մշակման գործում մասնակիցներին խորհրդատվական աջակցություն տրամադրեցին մարդու իրավունքների ոլորտում գործող կազմակերպություններից և կրթական հաստատություններից փորձառու մասնագետներ։ Հաղթող նախագծերին ընտրեց Լոռու, Շիրակի ու Տավուշի մարզպետարանների, մարդու իրավունքների ոլորտում գործող հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին: Հաղթող նախագծերի իրականացման արդյունքում Շիրակի մարզի Ազատան համայնքը կունենա ներառական խաղահրապարակ՝ ապահովելով բոլոր երեխաների համար ժամանցի հավասար պայմաններ: Վանաձորի թիվ 23 դպրոցի ֆուտբոլի դաշտը կբարեկարգվի, և կտեղադրվեն թեքահարթակներ, իսկ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կբարեկարգվի Ազատամարտիկների այգին:

Նոյեմբերի 15-ին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցեց «Մարտահրավերներ և բարեփոխումներ. մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովին, որը կազմակերպվել էր ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հանրային հայացք փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում: Համաժողովի ընթացքում ամփոփվել է երկամյա ծրագրի արդյունքները, որը իրականացնում են Հանրային լրագրության ակումբն ու Հետաքննող լրագրողները Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի համաֆինանսավորմամբ։ Համաժողովի ընթացքում անցկացվել է երկու պանելային քննարկում՝ Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ բանավեճ և հետաքննական լրագրողական նյութերում վեր հանված խնդիրների շուրջ քննարկում թեմաներով:

ԵՄ դեսպանը տպավորված էր ծրագրի արդյունքներից. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրականացնում են այս կարևոր ծրագիրը, ովքեր նպաստում և լույս են սփռում մարդու իրավունքների ոլորտում առավել զգայուն հարցերից մեկի վրա: Տպավորված եմ տեսնել այսքան լրագրողներ, ովքեր հետաքրքրված են և մասնակցում են ծրագրին. ես բարձր եմ գնահատում ծարգրում լրատվամիջոցների ներգրավվածության բաղադրիչը: Հեշտ է ասել, որ կառավարությունը պետք է փոխի իրավիճակը, բայց քաղաքացիական հասարակությունը նույնպես պատասխանատվություն է կրում: Փոփոխություն տեղի է կունենա միայն այն դեպքում, եթե մենք հարցը քննարկենք հրապարակային: Միայն օրենքը փոխելը բավարար չէ, մենք պետք է փոխենք նաև հասարակության մտածելակերպը»:

Հանրային լրագրության ակումբի համահիմնադիր Սեդա Մանուկյանը շնորհակալություն հայտնեց համաժողովի բոլոր մասնակիցներին. «Մոտ 2 տարի առաջ, երբ մեկնարկեցինք ծրագիրը Հայաստանում քաղաքական այլ իրավիճակ էր, հիմա այլ իրավիճակ է: Մեր ծրագրի ընթացքում Հայաստանի կառավարությունն է փոխվել, ոլորտին առնչվող նախարարություններում են մեծ փոփոխություններ եղել, բաց այդ գործընթացը չի խանգարել, որ մենք կարողանանք հասնել մեր առջև դրված նպատակներին, քանի որ մեր կողքին էին մեր աջակիցներրը: Հուսով ենք մարդու իրավունքները կդառնան մեր ազգային արժեհամակարգի մի մասը»:

Համաժողովին հաջորդել է Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում, մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման լրագրողական աշխատանքների մրցանակաբաշխությունը: «Հանրային հայացք փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում փակ հաստատություններում» ծրագիրը մեկնարկել է 2017-ին դեկտեմբերին բարձրացնելու հանրային տեղեկացվածությունը Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների վերաբերյալ: Ծրագրի ամբողջ բյուջեն 278,072 եվրո է, որից ԵՄ ներդրումը կազմում է 264,168 եվրո:

Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բացման պաշտոնական մեկնարկը: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հիմնադրվել է Եվրոպական միության Տարածաշրջանային Թրասթ ֆոնդի`«ՄԱԴԱԴ» ֆոնդի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից համաֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում՝ Հայկական Կարիտասի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի կողմից։ ԻՐԻՍ ծրագրի ֆինանսավորումը 3,3 միլիոն եվրո է (3 միլիոնը հատկացված Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ) կողմից), որից 1,9 միլիոնը կազմում է ԻՐԻՍ ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բյուջեն:

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ շատ ոգևորված է միջոցառմանը ներկա գտնվելու առիթով. «Սա շատ կարևոր ծրագիր է: ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանին զարգացնելու գիտելիքահենք տնտեսություն առանցքային ոլորտներում: Մենք ցանկանում ենք նպաստել ուժեղ, նորարար ՓՄՁ-ներին, որպեսզի նրանք ապահովեն հավելյալ որակ, ստեղծեն աշխատատեղեր, խթանեն արտադրողականությունն ու մրցունակությունը: ԵՄ աջակցությունը նորարար ՓՄՁ-ներին համահունչ է կառավարության նպատակներին: Սա հետաքրքիր ոլորտ է երիտասարդ սերնդի համար ներգրավվելու, լավ աշխատանք ձեռք բերելու և երկիրը զարգացնելու համար: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը կբերի նաև նոր ձեռնարկատիրական մտածելակերպ և դրական փոփոխություններ Հայաստանի բիզնես միջավայրում: Աջակցության հիմնական մասը ուղղված կլինի սիրիահայերի բիզնեսի դյուրացմանը»:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը ներկայացրեց՝ ինչպես առաջացավ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ստեղծման գաղափարը. «ՓՄՁ համագործակցության ասոցիացիան նպաստում է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը, մասնավորապես ՓՄՁ-ների զարգացմանը: Մեր գաղափարի շուրջ ասոցիացիայում համախմբվել են շուրջ 500 հոգի, կարծում եմ ավելի ենք ընդլայնվելու: Հայաստանում ՓՄՁ-ների խնդիրները շատ են ու խնդիրները կապված են ոչ մի ֆինանսական միջոցների, այլ նաև գիտելիքի պակասի հետ: Մենք շատ ենք կարևորում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի նման ենթակառուցվածքները, որոնք օգնելու են ՓՄՁ-ներին դառնալ գրագետ: Ինկուբատորը կարևոր օղակ է դառնալու, որի շնորհիվ գրանցելու ենք հաջողության պատմություններ ու ցույց ենք տալու՝ ինչպես գրագետ բիզնես վարել ու հասնել հաջողությունների»:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաքելությունն է նպաստել սիրիահայերի և տեղացիների տնտեսական ինտեգրմանը և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը: ԵՄ ԻՐԻՍ ծրագրի ընթացքում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորում 300-ից ավելի մասնակից դասընթացներին ընդգրկվելու, մենթորների ու քոուչերի հետ աշխատելու հնարավորություն կունենա, շուրջ 140-ը կստանա ֆինանսավորում և համաշխատանքային (co-working) տարածքի հասանելիություն:

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ 2-րդ հանդիպումը, որին ներկա էր Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և նրա գլխավորած պատվիրակությունը, ովքեր Հայաստանում էին երկօրյա աշխատանքային այցի շրջանակում:

Միջոցառման ժամանակ ողջույնի ելույթներով հանդես եկան Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Միջոցառմանը ներկա էին Բարձրագույն դատական խորհրդի, Փաստաբանների պալատի, Արդարադատության ակադեմիայի և դատախազության ներկայացուցիչներ, ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հաշվի առնելով արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխմանն ուղղված Հայաստանի կառավարության հավակնոտ օրակարգը՝ ԵՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու կառավարության ջանքերին: Արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսությունը նպատակաուղղված է արդարադատության ոլորտի բարեփոխումների մշակմանը` եվրոպական չափանիշներին և ԵՄ-ն և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան: Շարունակելով 2018 թվականի սեպտեմբերին կայացած Ռազմավարական քաղաքականության երկխոսության առաջին հանդիպման օրակարգը, երկրորդ հանդիպումը նվիրված էր վերջերս հրապարակված Դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի և 2019-2022 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկմանը: Երկխոսությունը նպաստեց ռազմավարություններից բխող միջոցառումների և ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության փոխադարձ կապի ապահովմանը, ինչպես նաև ԵՄ այն գործիքների համաձայնեցմանը, որոնք ուղղված կլինեն վերոնշյալ գործողությունների իրականացմանը:

Վասիլիս Մարագոսը ողջունեց արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված կառավարության ջանքերը և ընդգծեց, որ բոլոր շահագրգիռ կողմերի և համապատասխան մարմինների ակտիվ ներգրավվածությունը կնպաստի բարեփոխումների ծրագիրն ուղղորդելու և իրականացնելու գործընթացին և կօգնի Հայաստանի քաղաքացիների համար գրանցել շոշափելի արդյունքներ:

Անդրեա Վիկտորինը վերահաստատեց, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանն արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, ինչը կնպաստի արդարադատության ոլորտի արդյունավետ կառավարմանը և ներդրումային միջավայրի զարգացմանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ իրականացնելու արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումներ, որոնք կդառնան արդարադատության ոլորտում Եվրոպական միության հետ բարձր մակարդակի երկխոսության հովանին և տեխնիկական մակարդակում ավելի արդյունավետ համագործակցության հիմքը: Նախարարը կարևորեց նաև համակարգված և գերակա գործողությունների կարևորությունը՝ փոխշահավետ արդյունքներ գրանցելու համար:

Երկխոսությունը նաև հարթակ ծառայեց քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, գործարար ոլորտի ներկայացուցիչներին և Հայաստանի միջազգային հանրությանը բարեփոխումների ձևաչափի և դրանց հետագա ուղղությունների վերջնականացման գործընթացում ներգրավելու համար:

ԵՄ-Հայաստան գործընկերության ու համագործակցության, ներառյալ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունն արդեն հասանելի է ինտերակտիվ էլեկտրոնային քարտեզի տեսքով: Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ EU4Armenia.am հարթակի պաշտոնական մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ազգային ժողովի, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի շահառուներ, գործընկերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր:

Դեսպան Վիկտորինը կարևորեց հարթակը իրականություն դարձնելու ուղղությամբ կատարված հսկայական աշխատանքը. «Ես տպավորված եմ, որ այսօր կարող ենք գործարկել այս կարևոր հարթակը: Մենք ուզում ենք ցույց տալ, թե ինչ ենք անում միասին: ԵՄ-ն Հայաստանի համար նշանակում է ԵՄ-ն և Հայաստանը: Սա լավագույն միջոցն է ներկայացնելու այն, ինչ մենք անում ենք միասին` ի նպաստ Հայաստանի քաղաքացիների: Այս էլեկտրոնային հարթակը կարելի է համարել առցանց բառարան. այն նպատակ ունի բարձրացնելու ՀՀ քաղաքացիների իրազեկվածությունը երկրում ԵՄ գործունեության վերաբերյալ, ինչպես նաև այս գործընթացը դարձնելու ավելի թափանցիկ»:

Իր խոսքում նախարար Արշակյանը նշեց, որ Հայաստանի կառավարության համար հաշվետվողականությունն ու թափանցիկությունը առաջնային են. «Այս նոր հարթակը հիանալի հնարավորություն է ցույց տալու, թե ինչ ծրագրեր են իրականացվում, ինչ առաջընթաց են արձանագրել այ ծրագրերը և որքան է դրանց արդյունավետությունը: Մենք ցանկանում ենք շեշտադրել ծրագրերի իրականացման թափանցիկությունը, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացումը, որոնք կարող են ավելի արդյունավետ դարձնել մեր համագործակցությունը»:

EU4Armenia.am-ը էլեկտրոնային քարտեզ է, որտեղ ներկայացված են ԵՄ-Հայաստան համագործակցությունն ու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր ոլորտների ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում: ԵՄ-Հայաստան հարաբերությունները սկսվել են դեռևս 1999 թվականից` հիմնվելով ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրի վրա: Համագործակցության ծավալն ու խորությունը ընդլայնելու համար 2017 թվականի նոյեմբերին ստորագրվեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Կայքի բովանդակությունը թարմացվելու է:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ունի նոր դեսպան: Գերմանացի դիվանագետ Անդրեա Վիկտորինը, ով 2007-2009 թվականներին եղել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը, այսուhետև կգլխավորի Հայաստանում ԵՄ պատվիրակությունը: Մինչև այս նշանակումը, դեսպան Վիկտորինը ղեկավարում էր Բելառուսում ԵՄ պատվիրակությունը: Անդրեա Վիկտորինը ծնվել է 1957 թվականին Բոն քաղաքում: 1989 թվականին միացել է ԳԴՀ դիվանագիտական ծառայությանը:

Սեպտեմբերի 13-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին է հանձնել իր հավատարմագրերի պատճենները: Նախարար Մնացականյանը շնորհավորել է ԵՄ դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության ստանձնման առիթով՝ վստահություն հայտնելով, որ դեսպանն իր դիվանագիտական ծառայությամբ կնպաստի ԵՄ-Հայաստան գործընկերության և համագործակցության հետագա խորացմանն ու զարգացմանը։ Նախարարը դեսպանին ներկայացրել է Հայաստանի կառավարության որդեգրած բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ ընդգծելով այդ օրակարգի կյանքի կոչման հարցում ԵՄ աջակցության կարևորությունը։ Զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան փոխայցերին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և դրա կիրարկման ճանապարհային քարտեզին։ Ընդգծվել է մարդկանց միջև շփումների խթանմանն ուղղված գործնական քայլերի նախաձեռնման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության 2020-ից հետո օրակարգի համատեղ մշակման շուրջ։ Նույն օրը Հայաստանում ԵՄ պատվիրակության անձնակազմը ողջունել է դեսպան Վիկտորինին:

Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է իր հավատարմագրերը: Նախագահ Սարգսյանը ողջունել է դեսպանի վերադարձը Հայաստան՝ ընդգծելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմքում ընկած ընդհանուր արժեքները: Դեսպան Վիկտորինը նշել է, որ շատ ուրախ է Հայաստան վերադառնալու կապակցությամբ և պատրաստ է արդյունավետ համագործակցությանը: Դեսպանը կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները և վերահաստատել է ԵՄ աջակցության պատրաստակամությունը համագործակցության բոլոր ոլորտներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և հնարավորությունները, որոնք դեռ առջևում են: Նրանք ընդգծել են նաև կրթության ոլորտի բարեփոխումների կարևորությունը՝ կանխելու երիտասարդների արտագաղթը, դատական բարեփոխումներն ու տնտեսական աճի խթանումն ու այլ հարցեր:

Սեպտեմբերի 28-ին Ամբերդի (Արագածոտնի մարզ) ամրոցում տեղի ունեցավ Եվրոպական ժառանգության օրեր 2019-ի պաշտոնական մեկնարկը, որը կազմակերպել էին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Այս տարի միջոցառման խորագիրն էր «Արվեստ և ժամանց»: Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդես եկան բացման ելույթներով, ինչպես նաև պատասխանեցին լրագրողների հարցերին:

Դեսպան Վիկտորինը ընդգծեց մշակութային ժառանգության կարևորությունը. «Շատ ուրախ ենք կրկին այցելել ու տեսնել Ամբերդի հրաշք ամրոցը: Այս ամրոցը Հայաստանի զարդերից մեկն է: ԵՄ-ն կարևորում է մշակութային ժառանգությունը, քանի որ այն մեզ կապող օղակներից մեկն է: Տարիներ շարունակ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը աջակցել է Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի իրականացմանը, և ես շնորհակալ եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համագործակցության համար»:

Նախարար Հարությունյանը նույնպես ոգևորված էր Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկով. «Ամբերդը մեր պատմական ու մշակութային ամենանշանակալի վայրերից է իր դիրքով, պատմության մեջ ունեցած դերով: Ուրախ եմ, որ այս օրերին մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու Հայաստանի տարբեր վայրերում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում: Հիանալի հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի մշակությաին ժառանգության ներկան ու անցյալը»:

Այս տարի Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Հայաստանի ավելի քան 100 մշակութային կազմակերպությունների տարածքում կազմակերպվել են բազմաթիվ ու բազմաժանր մշակութային միջոցառումներ. համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր:

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են ամեն տարի Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թվական) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրոպական հանձնաժողովը, և նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ամբողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:

Ամբերդը նախկին բերդաքաղաք և ամրոց է, որը կառուցվել է X դարում: Այժմ գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հյուսիս-արևելյան լանջին: Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ: Ամբերդի պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև մետաղյա իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն, որոնք խիստ արժեքավոր են միջնադարյան Հայաստանի տնտեսական, ռազմական և մշակութային կյանքի հարցերի ուսումնասիրման համար։ Ամրոցի մոտ է գտնվում իշխան, սպարապետ Վահրամ Պահլավունու հովանավորությամբ 1026 թվականին կառուցված Վահրամաշեն եկեղեցին:

Սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան։ Այցի շրջանակում Երևանում անցկացվեց ԱլԳ 2020-ից հետո քաղաքականության շրջանակի վերաբերյալ խորհրդակցություն: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ խրախուսելով բոլորին ակտիվորեն մասնակցել քննարկումներին և դառնալ ԱլԳ 2020-ից հետո քաղաքականության մաս՝ ապահովելով ԱլԳ-ի համապատասխանությունը ներկա մարտահրավերներին ու ներառականությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ-ի, կառավարության, ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների, գիտական հանրության, լրատվամիջոցների, երիտասարդության և այլ շահագրգիռ ներկայացուցիչներ:

Ավելի ուշ Կատարինա Մատերնովան և Անդրեա Վիկտորինը հանդիպեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ ակտիվացնելու աջակցությունը Հայաստանում բարեփոխումների օրակարգի իրականացմանը՝ համագործակցելով կառավարության հետ և հիմնվելով ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընդհանուր հանձնառությունների վրա:

Սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը, որի ընթացքում բացման ելույթներով հանդես եկան գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ֆինանսական գործիքները և հիմնական բաղադրիչները, ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ներքո Հայաստանում ներդրումային հնարավորությունների քաղաքականության նպատակները և ներդրումային հոսքերը խթանելու նպատակով գործարար միջավայրի բարելավման ուղիները: Այնուհետև Կատարինիա Մատերնովան և Անդրեա Վիկտորինը հանդիպեցին միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Երեկոյան տեղի ունեցավ Կատարինա Մատերնովայի մամուլի ասուլիսը, որին հաջորդեց Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամի մեկնարկային միջոցառումը: «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ»-ի մեկնարկի համար տրամադրվել է 16 միլիոն եվրո: Հիմնադրամը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում ներդրումներ կատարելու համար:

Կատարինա Մատերնովան ընդգծեց հիմնադրամի կարևորությունը. «Եվրոպական միությունը Հայաստանի տնտեսական զարգացման և բարգավաճման առանցքային գործընկերն է: ԵՄ-ն հպարտ է ավելացնել մի նոր նորարարական գործիք՝ Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման ամբողջ ներուժը գործարկելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և մարդկանց շոշափելի օգուտներ ապահովելու համար։ Մենք համոզված ենք, որ «ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ»-ը կնպաստի Հայաստանում տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը, կներգրավի օտարերկրյա ուղղակի ներդրումներ և կխթանի նորարարությունների հետագա զարգացումը հայերի տաղանդի շնորհիվ»։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահություն հայտնեց, որ հիմնադրամը էականորեն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. «Հայաստանի կառավարությունը սկսել է կառուցել նորարարական և ներառական տնտեսություն, որում ՓՄՁ-ները կարևոր դեր են խաղալու: Այս հիմնարար փոփոխությունների ընթացքում նորաստեղծ «ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ»-ը էապես կնպաստի երկրի տնտեսական առաջընթացին՝ ստեղծելով նոր հնարավորություներ ձեռներեցների համար»:

Կատարինա Մատերնովայի երկօրյա աշխատանքային այցը եզրափավեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմամբ, որին մասնակցում էր նաև դեսպան Վիկտորինը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները և Հայաստանում բարեփոխումների օրակարգի իրականացմանն աջակցելու ԵՄ հանձնառությունը: Կատարինա Մատերնովան ընդգծել է, որ անգամ ԵՄ կառույցների ղեկավարների փոփոխությունը չի անդրադառնա Հայաստանին աջակցելու ԵՄ հանձնառության վրա: