Դեկտեմբերի 15-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պաշտոնապես մեկնարկել է 2017-2018թթ. համար նախատեսված «Աջակցություն ֆինանսների նախարարության պետական կառավարման վարչությանը» ծրագիրը, որը կաջակցի պետական շուկայի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերին:
Ծրագրի մեկնարկը տեղի է ունեցել Հայաստանի կառավարության պարտքի կառավարման 2017-2019 թվականների միջնաժամկետ ռազմավարության, 2017 թվականի ֆինանսավորման ծրագրի և նախատեսված այլ տեխնիկական բարեփոխումների շնորհանդեսի ժամանակ, որին մասնակցել են նաև Հայաստանի պետական պարտքի շուկայի հիմնական շահառուները:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը ողջունել է ֆինանսների նախարարության արդյունավետությանն ուղղված աշխատանքների թափանցիկությունը. «Պետական պարտքի կառավարման գործընթացում թափանցիկությունը կարևոր բաղադրիչ է, որն ինքնաբերաբար մեծացնում է կառավարության հանդեպ վստահությունը` հուսադրելով և ներգրավելով պետական և մասնավոր ներդրողներին: Այս ծրագրի միջոցով մենք hաստատում ենք, որ ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության կողքին պետական ներդրումային ծրագրերի կարևորման և պետական-մասնավոր հատված համագործակցություն խթանման գործում: ԵՄ-ն հույս ունի, որ Հայաստանի պետական պարտքի շուկայի հիմնական շահառուներին և միջազգային ֆինանսական կազմակերպություններին կառավարության ծրագրերի ներկայացման լավ փորձը կդառնա ամենամյա ավանդույթ և մեծապես կամրապնդի Հայաստանի միջազգային վստահությունը»:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը կարևորել է այս ոլորտում ԵՄ աջակցությունը. «Վերջին տասը տարիների ընթացքոմ մեր կառավարությունը համագործակցել է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ ավելի զգուշավոր և թիրախային պետական պարտքի քաղաքականություն մշակելու և իրագործելու համար: Մեկ տարի է, ինչ համագործակցում ենք Եվրպական միության հետ, և հուսով ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի»:
Եվրոպական միությունը Հայաստանի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերում ներդրումներ է կատարել 2009 թվականից սկսած: ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով ներդրվել է ավելի քան 100 միլիոն եվրո և պետական ներդրումների ոլորտում ներգրավվել է մոտ կես միլիարդ եվրո: Պետական պարտքի և պետական ներդրումների կառավարմանն ուղղված ԵՄ աջակցության նպատակն է երաշխավորել Հայաստանի տնտեսական աճի ներուժային կարողություններն ու սահուն տնտեսական զարգացումը: