Գյումրիի, Վանաձորի, Աշտարակի, Աբովյանի, Սևանի, Արտաշատի և Երևանի երաժշտական դպրոցների ավելի քան 500 աշակերտ հրավիրվել էր ունկնդրելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ դասական համերգ՝ նվիրված Եվրոպայի օրվան: Հունիսի 4-ին, երբ երեխաները ժամանեցին Արամ Խաչատրյան համերգասրահ, նրանց ողջունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում հետ նրանք կիսեցին երաժշտության հանդեպ ունեցած սերը: Համերգին ներկա գտնվեցին ՀՀ պետական պաշտոնյաներ, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դեսպան Սվիտալսկին կատարեց համերգի բացումն ու ներկայացրեց ԵՄ-ի վերաբերյալ իր տեսլականը: «66 տարի առաջ մեծ քաղաքական գործիչ Ռոբերտ Շումանը ուներ իր տեսլականը, խաղաղ, բարեկեցիկ, ազատ ու արդար Եվրոպայի տեսլականը: Մենք նշում ենք այս օրը, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք այդ մարդուն ու նրա տեսլականին: Մենք ցանկանում ենք նշել այն նաև հայ ժողովրդի հետ միասին: Հինգ մարզերում անցկացվելուց հետո Եվրոպայի օրվա տոնակատարությունները այժմ Երևանում են և հասել են իրենց գագաթնակետին: Այս տարի Եվրոպայի օրը Հայաստանում մենք նշում ենք «Եվրոպան երիտասարդության համար» կարգախոսի ներքո: Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ են երեխաներ ողջ Հայաստանից: Այսօր նրանք մեր պատվավոր հյուրերն են։ Այս երեկոն առանձնահատուկ է, քանի որ հայ երեխաները կատարելու են եվրոպական ստեղծագործություններ։ Հիանալի համադրություն է, այնպես չէ՞»։
Երաժշտական դպրոցների աշակերտներ Սոֆյա Վարդանյանը (ջութակ), Դիանա Ադամյանը (ջութակ) և Հարություն Մելիքյանը (դաշնամուր) իրենց ավագ գործընկերների հետ ելույթ են ունեցել նույն բեմում և կատարել սոլո համարներ: