Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը տեղի է ունեցել մարտի 17-18-ը ՀՀ Ազգային ժողովում: Մասնակիցները քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման եւ Արևելյան գործընկերության Ռիգայի առաջիկա գագաթաժողովի վերաբերյալ հարցեր: Մարտի 18-ին Հայաստան պաշտոնական այցով ժամանել էր Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը, ով նաև ելույթ է ունեցել վեհաժողովի նստաշրջանին: Հանձնակատար Հաանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստան-Եվրամիություն հետագա համագործակցության շրջանակներում հաշվի են առնվելու Հայաստանի այլ միջազգային պարտավորությունները։ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանում մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:
Իր ելույթում Հաանը անդրադարձել է հարևանության քաղաքականությանը և ասել, որ ԵՄ-ն ցանկանում է գործընկեր լինել Արևելյան գործընկերության բոլոր երկրների հետ՝ ճանաչելով և պաշտպանելով յուրաքանչյուր երկրի սեփական քաղաքականությունը: Յոհաննես Հաանի խոսքով՝ իրենց միակ նպատակը բարեկեցիկ ապագայի կառուցումն է:
Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ պարոն Հաանը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է հետագայում ևս համագործակցել Հայաստանի հետ, շարունակել աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության, ընտրական բարեփոխումների ուղղությամբ:
Յոհաննես Հաանի զեկույցից հետո Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի մասնակիցները ևս ներկայացրել են իրենց զեկույցներն ու անցել խորը քննարկումների: