Սլովակի | EUNewsletter

Սլովակիան ու ֆույարան

«Նվագում եմ` ինչպես շնչում եմ». այս արտահայտությունը հատուկ է ֆույարա կոչվող գործիքը նվագողներին: Եվ իսկապես, այս գործիքով նվագելու համար կարևոր է ճիշտ շնչառությունը, որը կանխորոշում է հնչողության գեղեցկությունը:

Երեք անցքով փողային փայտյա այս գործիքը սլովակյան մշակութային ժառանգության մի մասնիկն է և համարվում է Սլովակիայի ժողովրդական գործիքների թագուհին:

Ի սկզբանե ֆույարա նվագում էին հովիվները, մինչդեռ այսօր այն արժանանում է պրոֆեսիոնալ երաժիշտների ուշադրությանը: Արտաքինից ֆույարան սովորական ֆլեյտա է հիշեցնում, միայն թե չափսերն են տարբեր: Դրա երկարությունը տատանվում է 120-210 սանտիմետրի սահմաններում: Ավանդական ֆույարան պատրաստվում է ձեռքով` հիմնականում թխկի կամ ռոբինիա (սպիտակ ակացիա) ծառերի փայտից: Նախքան գործիքը պատրաստելը փայտը մեկ ամիս շարունակ չորացվում է` լավ հնչողություն ստանալու նպատակով:

Իր ինքնատիպության համար 2005 թ. ֆույարան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության հեղինակավոր ցանկում: Այս գործիքի պատվին Սլովակիայում ամենամյա փառատոն է անցկացվում: