Ռումինի | EUNewsletter

Խորհրդարանական դղյակ


«Փարիզ Բալկաններում». մինչև 20-րդ դարի կեսերը հաճախ այսպես էին անվանում Բուխարեստը, քանզի քաղաքի լավագույն շինությունները, դղյակներն ու լայն պողոտաներն արտացոլում են 19-րդ դարի ֆրանսիական ճարտարապետության մոտիվները… Անցյալ դարի 80-ականներին այստեղ վեր է խոյացել այն ժամանակվա երկրի նախագահ Նիկոլայե Չաուշեսկուի ամենահավակնոտ նախագիծը` Հանրապետության դղյակը, որը հետագայում վերանվանվեց և կոչվեց «Խորհրդարանական դղյակ»…

Այս կառուցի համար տարածք ապահովելու պատճառով ավերվել է Բուխարեստի պատմական կենտրոնը. երկրի ղեկավարության անվարան որոշմամբ քանդվել են մի շարք պատմական հուշարձաններ, տասնյակ վանական համալիրներ, հրեական տաճարներ ու բողոքական եկեղեցիներ: 5 տարի կառուցվող դղյակն այսօր իր մեծությամբ աշխարհում երկրորդ վարչական շինությունն է Պենտագոնից հետո: Կառույցի ընդհանուր մակերեսը 350 հազար քմ է, բարձրությունը` 92 մ, ունի 12 հարկ, 1100 սենյակ-լսարան և 8 ստորգետնյա սրահ: Այն իր մեծությամբ գերազանցում է Քեոփսի բուրգը:

1989 թվականից ի վեր դղյակը պետական Խորհրդարանի նստավայրն է, իսկ 2004-ից այստեղ է հաստատվել նաև Սենատը: Շենքում գործում է ապակեպատ վերելակ` զբոսաշրջիկներին ժամանակակից արվեստի թանգարան հասցնելու համար, կա նաև շքեղ ռեստորան` բացառապես քաղաքական գործիչների համար:

Իր ողջ շքեղությամբ ու ծավալներով հանդերձ` այս կառույցը հակասական կարծիքներ է ծնում. այն լինելով 2-րդ խոշորագույն վարչական շինությունն աշխարհում` միևնույն ժամանակ դասվում է ամենաանճաշակ կառույցների շարքը