Պորտուգալի | EUNewsletter

Պորտուգալիան և Եվրոպայի լավագույն ալիքները

PortugalՄինչ Պորտուգալիան զբոսաշրջիկներին գրավում է իր տեսարժան վայրերով, նրա ատլանտյան ծովափին գտնվող Փենիշե քաղաքն իր գիրկն է առնում աշխարհի լավագույն սերֆինգիստներին: Ըստ պոլինեզյան ցեղերի լեգենդների`, սերֆինգն առաջացել է դեռևս հազարամյակներ առաջ. սկզբում` որպես ձկնորսության միջոց, իսկ հետո դարձել է հոբբի և սպորտաձև: Հնում Հավայան կղզիների բնակիչները հավատում էին, որ օվկիանոսն ունի դեմք և կարող է զգացմունքներ ու հույզեր արտացոլել: Նույնիսկ հազարամյակներ անց մարդիկ շարունակում են սահել ալիքների վրայով և փնտրել իրենց արտացոլանքը ջրի վրա:

Իր թերակղզային դիրքի շնորհիվ Փենիշեի ծովափը ձգվում է հյուսիսից հարավ, և անկախ քամու ուղղությունից` այստեղ մշտապես խողովակաձև ալիքներ են գոյանում: Իսկ շնորհիվ իր հանրահայտ` սուպերտուբոս (Supertubos) ալիքի` Փենիշեն քարտեզների վրա նշվում է որպես սերֆինգի լավագույն տեղանքներից մեկն աշխարհում: 2009 թվականից Պրոֆեսիոնալ սերֆինգիստների ասոցիացիան անցկացնում է այս սպորտաձևի ամենամյա առաջնություն:

Փենիշեից ոչ շատ հեռու է գտնվում սերֆինգի տախտակների արտադրամասը: Եթե նույնիսկ չեք պատրաստվում նոր տախտակ գնել, չարժե հրաժարվել արտադրամաս այցելելու հնարավորությունից. այստեղ կծանոթանաք տախտակների պատրաստման եղանակներին և կհասկանաք, թե ինչու՞ են դրանք այդքան թեթև:

Պորտուգալիայի ծովեզերքը հիանալի վայր է նաև այս սպորտաձևում առաջին քայլերն անելու համար: Բազմաթիվ դպրոցներ առաջարկում են դասընթացներ սկսնակների ու պրոֆեսիոնալների համար, նրանց համար, ովքեր երազում են ալիքներ որսալ: