Մալթ | EUNewsletter

Մանոել Մալթա

ManoelՄալթայի մայրաքաղաք Վալետտայի` դեպի արևմուտք ձգվող նեղլիկ փողոցներից մեկը տանում է դեպի Եվրոպայի ամենահին թատրոնը, որը հայտնի է Մանոել Մալթա անունով:

Այն կառուցվել է 1731 թվականին` ընդամենը տասն ամսվա ընթացքում: Թատրոնի կառուցման գումարն իր աձնական միջոցներից տրամադրել է Մալթայի ասպետների մեծ մագիստր, պորտուգալացի Անտոնիո Մանուել դե Վիլենան: Նա ցանկանում էր Սբ. Հովհաննեսի միաբանության երիտասարդ ասպետներին հետ պահել գայթակղություններից և նրանց, ինչպես նաև Մալթայի լայն հասարակության համար «ազնիվ ժամանց» ապահովել: Այդ նշանաբանն անգամ դաջվել է թատրոնի մուտքի վերևում և պահպանվում է մինչ օրս` «ad honestam populi oblectationem» (Ժողովրդի արժանավայել ժամանցի համար):

Թատրոնն ունի 600 նստատեղ և բարոկկո ոճի փորագրություններով զարդարված օթյակներ: Իսկ դահլիճի ակուստիկայի մասին խոսելիս հաճախ լսում ենք` «այն այնքան կատարյալ է, որ կարելի է լսել թե ինչպես է դիրիժորը թերթում նոտաները…»:

Երկրորդ համաշխարհայինի տարիներին թատրոնի շենքը զգալիորեն վնասվել էր: Տասնամյակ տևած վերականգնողական աշխատանքների արդյունքում թատրոնի շենքը վերագտել է իր երբեմնի շքեղությունը, վերականգնվել է նաև 22 կարատանոց ոսկեզօծ մեծ առաստաղը: Իսկ 1960 թվականին հեղինակավոր անգլիական «Ռամբեռ» բալետային խմբի ելույթով վերսկսվել է թատրոնի գործունեությունը: Այդ օրվանից ի վեր, աշխարհահռչակ շատ արտիստներ մեծ պատիվ են համարում Մանոել թատրոնի հնամենի պատերի ներսում ելույթ ունենալը:

Չնայած իր պատկառելի տարիքին, Մանոել թատրոնն այսօր էլ ապրում ու զարգանում է. այն խրախուսում է թատերական արվեստի բոլոր բնագավառներում հանդես եկող մալթացի տաղանդավոր երիտասարդներին, ավելին` 2009 թվականից թատրոնում գործում է նաև մանկական թատերական ստոդիա: