Հունաստա | EUNewsletter

Աֆոն` վայր առանց կանանց

GreeceԵվրոպայի այս հատվածում կեսգիշերը վրա է հասնում մայրամուտին զուգահեռ, իսկ տարածությունը չափվում է ճանապարհին ասված աղոթքների բառերի քանակով: Այստեղի բնակիչները միայն տղամարդիկ են և առաջնորդվում են Հուլյան օրացույցով:

Այսպիսին է դրվածքը Հունաստանի հյուսիսում գտնվող Աֆոն կոչվող վանական տեղանքում, ուր հնարավոր է հասնել միայն ծովով և որտեղ ավելի քան 10 դար արգելված է մարդկության գեղեցիկ կեսի մուտքը:

Հունաստանում այս տարածքի քաղաքական կարգավիճակի անունն է «Սուրբ լեռան ինքնավար վանական պետություն»: Իրավաբանորեն Աֆոն սուրբ լեռը գտնվում է Հունաստանի տարածքում, մինչդեռ փաստացի ղեկավարվում է 20 ուղղափառ վանքերի ներկայացուցիչներից ձևավորված «Սրբազան համայնքի» կողմից:

Աֆոնի վանքերում բազմաթիվ գանձեր են պահվում` միջնադարյան արվեստի գործեր, սրբապատկերներ, խաչեր, քրիստոնեական վաղ շրջանի տեքստեր, սուրբ մասունքներ և այլն: Մինչև վերջին ժամանակներս ոչ մի արխիվացում այստեղ չի կատարվել, և միայն 1980-ականների վերջերից ԵՄ ֆինանսավորմամբ ձեռնարկվել է այդ ամենի ուսումնասիրություն ու հավաքագրում, ինչը կօգնի պահպանել վանքերի գանձերը:

Ըստ Եվրամիության համաձայնագրի` Աֆոն լեռը ԵՄ անդամ պետության մի մասն է, միայն թե այն դուրս է ԵՄ ԱԱՀ տարածքից: Իսկ Սուրբ լեռան տարածք մտնելու խիստ կանոնների պատճառով (խոսքը` կանանց մուտքի արգելքի մասին է) Շենգենյան համաձայնագրում այն համարվում է բացառություն:

Ճարտարապետության առումով թերակղզու ամենատպավորիչ կառույցը, թերևս, Սիմոնոպետրա վանքն է, որը ծվարած է ծովի ափից տասնյակ մետրեր դեպի վեր խոյացող ժայռի պռնկին: