Կիպրո | EUNewsletter

Աֆրոդիտե օպերային փառատոն

CyprusԼեգենդի համաձայն` Կիպրոսի արևմտյան ջրերից Պաթոս քաղաք է դուրս եկել հին հունական դիցաբանության սիրո ու գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեն…

Աստվածահաճո այդ տեղանքում էլ ամեն տարվա սեպտեմբերին անցկացվում է Պաթոսի Աֆրոդիտե օպերային փառատոնը (Pafos Aphrodite Festival): Փառատոնի ընթացքում հանդիսատեսը բացառիկ հնարավորություն է ունենում վայելելու տարբեր երկրներում բեմականացված դասական օպերաները:

Աֆրոդիտեի փառատոնը Կիպրոսում անցկացվում է 1998 թվականից: Փառատոնի կազմակերպման հիմնական նպատակներից էր Պաթոսը մշակութային միջազգային կենտրոն դարձնելը: Եվ դա, անխոս, կազմակերպիչներին հաջողվում է: Այսօր անմահ օպերաներն ունկնդրելու համար Պաթոս քաղաքի հին նավահանգստի մոտ գտնվող միջնադարյան դղյակի առջև մի քանի հազար հանդիսատես է հավաքվում. գեղեցիկ դեկորներ, շքեղ բեմականացում և կենդանի կատարում բաց երկնքի տակ… այս ամենը փառատոնի հյուրերին կատարյալ վայելք է պարգևում:

Այստեղ հնչում են այնպիսի նշանավոր դասական գործեր, ինչպիսիք են՝ «Աիդան», «Կարմենը», «Տուրանդոն», «Ռիգոլետոն», «Տրավիատան», «Մադամ Բատերֆլայը», «Լակմեն» և շատ ուրիշ գլուխգործոցներ: Ի դեպ` այս տարի սեպտեմբերի սկզբին, փարիզյան պրեմիերայից 130 տարի անց, Պաթոսի միջնադարյան դղյակում առաջին անգամ բեմ կբարձրանա «Հոֆմանի հեքիաթները» աշխարհահռչակ օպերան: