Բուլղարի | EUNewsletter

Վարդերի նեկտար` բուլղարական պիտակով


Բուլղարացիները դարեր շարունակ աճեցրել ու մշակել են վարդի թերթիկներ, քամել դրանց աստվածային նեկտարն ու ստացել ողջ աշխարհում լավագույններից համարվող բուլղարական վարդի եթերային յուղը:
Բուլղարիան արտադրում է աշխարհում օծանելիքի, դեղագործության և սննդային արդյունաբերության մեջ օգտագործվող վարդի յուղի 90 տոկոսը` տարեկան 1,3 -1,5 տոննա: Հումքի ծավալը պատկերացնելու համար նշենք, որ 1 գրամ վարդի յուղ ստանալու համար անհրաժեշտ է մշակել մոտ 1300 վարդի գլխիկ: Իսկ ծաղկահավաքն իրականացվում է խիստ արարողակարգով. վարդի թերթիկները հավաքում են միայն կանայք, մայիս-հունիս ամիսներին` վաղ առավոտյան ժամը 5-ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում:
Այսօր արդեն Բուլղարիայի բնակիչներն իրենց կյանքն առանց վարդերի չեն պատկերացնում, և զարմանալի չէ, որ այստեղ է անցկացվում աշխարհում միակ Վարդերի փառատոնը: Վերջինիս անցկացման տեղանքը որոշվում է ըստ տարեթվերի. կենտ տարիներին անցկացվում է Կառլովո քաղաքում, իսկ զույգ տարեթվերին` Կազանլիկում: Բայց, երկու դեպքում էլ, հիմնական տոնախմբությունները սկսվում են Վարդերի հովտում, որտեղ և աճում են բուլղարական հայտնի անուշահոտ յուղի հումք վարդերը:
Այստեղ ազգային հանդերձանքով կանայք հավաքում են վարդի թերթիկները, երգում ազգային երգեր և հյուսում ծաղկեպսակներ: Տոնակատարությունները շարունակվում են քաղաքում` ազգային երգ- երաժշտության ուղեկցությամբ, նկարիչների ու լուսանկարիչների ցուցահանդեսներով: Կազանլիկում փառատոնի մասնակիցները հնարավորություն են ունենում տեսնելու, թե ինչպես էին ստանում վարդի յուղը հին ժամանակներում, նաև համտեսելու բուլղարական հայտնի վարդի մուրաբան ու լիկյորը:
Արդեն մի քանի տասնամյակ է, որ այս փառատոնը դարձել է ոչ միայն բուլղարացիների կենսակերպի արտացոլանքը, այլև` մի ողջ ժողովրդի հոգևոր ու մշակութային ժառանգությունը: