Օգոստոսի 17-ին «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում բացվել է առաջին զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում՝ համագործակցելով «ԴԻՍ Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամի, Դիլիջանի քաղաքապետարանի և Դիլիջանի ազգային պարկի հետ: Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը համապարփակ տեղեկատվություն է տրամադրելու Դիլիջան և Տավուշի մարզ այցելող զբոսաշրջիկներին։ Կենտրոնի գլխավոր նպատակներից է բարձրացնել Դիլիջան ազգային պարկի և հարակից բնակավայրերի զբոսաշրջային գրավչությունը և դառնալ տարածաշրջանում զբոսաշրջության և հանգստի հետ կապված միջոցառումների համակարգման գլխավոր հարթակ: Կենտրոնն աշխատանքով է ապահովել 6 բնակչի:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը ողջունեց կենտրոնի հյուրերին և շնորհավորեց համայնքին. «Եվրոպական միությունը աջակցում է կառավարությանը Հայաստանի մարզերում խթանելու ավելի համաչափ սոցիալ-տնտեսական զարգացում նոր աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական մրցունակությունը բարձրացնելու միջոցով: Այս ծրագիրը հետաքրքիր է շատ պատճառներով: Այն արտացոլում է Հայաստանում ԵՄ աջակցությունը և կյանքի է կոչում Տավուշի մարզի ներուժը: Այս ծրագրով նշանավորվում է նաև IDeA հիմնադրամի հետ մեր համագործակցությունը՝ հիմնադրամի, որը մեծ աշխատանք է կատարել»:
IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը բարձր գնահատեց ԵՄ աջակցությունը. «IDeA հիմնադրամը շարունակական և մեծածավալ նախագծեր է իրականացնում Դիլիջանում, որոնց նպատակն է այս տարածաշրջանը դարձնել մշակութային, կրթական, առողջապահական և զբոսաշրջային առաջատար կենտրոն։ ԵՄ համաֆինանսավորմամբ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի հիմնումը, ինչպես նաև քաղաքային զբոսայգու բարեկարգումն ստեղծում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որպեսզի Դիլիջանը դառնա Կովկասի Դավոս, որտեղ աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներին կառաջարկվեն բարձրակարգ ծառայություններ»:
Այս երկամյա դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Դիլիջանի ու հարակից տարածաշրջանների զբոսաշրջային գրավչությունը՝ խթանելով նաև տեղական տնտեսությունների զարգացումը։ Ծրագրի շահառու են հանդիսանում Տավուշի մարզի առնվազն 330 բնակիչ և 120 ձեռնարկություն։ Նրանց աջակցություն է տրամադրվում կարողությունների զարգացման դասընթացների միջոցով՝ նպատակ հետապնդելով Դիլիջանում և հարակից համայնքներում զարգացնել զբոսաշրջությունը և հյուրընկալությունը, ինչպես նաև նպաստել Տավուշի մարզում գործազրկության նվազեցմանը։ Ծրագրի շրջանակում կստեղծվեն ուղղակի զբաղվածության 50 հնարավորություններ: Ծրագրով նախատեսվում է նաև Դիլիջանում ստեղծել քաղաքային շուկա, գյուղատնտեսական տաղավար, ինչպես նաև Արհեստների և արվեստների կենտրոն: Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն կտրամադրվի երրորդ կողմերին՝ մինչև 5,000 եվրո ենթադրամաշնորհների չափով։ Շահառու կդառնան այն ձեռնարկությունները, որոնք պատրաստ են Դիլիջանի և հարակից համայնքների բնակիչների համար հավելյալ աշխատատեղեր ստեղծել: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 1 միլիոն 195 հազար եվրո, որից 780 հազարը ԵՄ կողմից տրամադրվող դրամաշնորհն է: